Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ... ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԱՀՃՈՒՏՈՒՄ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ... ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԱՀՃՈՒՏՈՒՄ
15.09.2009 | 00:00

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում կերպարվեստի տոն էր բառի բուն նշանակությամբ։ Երկրորդ հարկի ցուցասրահում վաստակավոր նկարիչ Բաբկեն Քոլոզյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրությունն էր։ Առաջին հարկում իր 80-ամյակն էր նշանավորում ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանը։ Իհարկե, կոչումներն ու տիտղոսները որոշակիորեն պայմանական, հաճախ անցողիկ երևույթ են մշակույթում առհասարակ և կերպարվեստում՝ մասնավորապես։ Սակայն երկու նկարչի թիկունքում էլ և՛ վաստակն է ամբարված, և՛ ժողովրդականությունը։
Ցուցահանդեսներում ներկայացված էին վարպետների՝ տասնամյակների ստեղծագործությունները։ Արվեստասեր հասարակությունը, սակայն, բողոքում էր։ Նրանց շա՜տ ծանոթ մի շարք նշանավոր ստեղծագործություններ ցուցասրահներում բացակայում էին։ Պատճառը հարգելի էր. դրանք գտնվում են մասնավոր հավաքածուներում ու թանգարաններում։
Այսպիսով, երկու կերպարվեստագետ և երկու տարբեր աշխարհ։ Բաբկեն Քոլոզյանի ցուցասրահը գրավում է միանգամից։ Վառ գույներ, մեղմ անցումներ, խոհ ու մտորում։ Եվ ներդաշնակություն ամենուր։ Նշանավոր գեղանկարիչ Արա Բեքարյանը դիպուկ է բնորոշել իր սերնդակցին. «Քարաժայռի վրա կանգնած սև-սպիտակ կաչաղակը կարող է նկարչի համար դառնալ... աշխարհի կենտրոնը և հիացմունքի առարկա։ Քոլոզյան նկարչի ստեղծագործական ինքնարտահայտումը չի սահմանափակվում բնապատկերի ժանրով։ Այն ներառում է նատյուրմորտն ու դիմանկարը։ Նրա նատյուրմորտները շահեկանորեն առանձնանում են հյութեղ գունայնությամբ և նյութականությամբ։
Քոլոզյան արվեստագետի գրեթե բոլոր գործերն արված են մեծ անկեղծությամբ։ Հենց դա է պատճառը, որ ամենափոքր էտյուդն անգամ պարունակում է ջերմություն դեպի բնությունը, դեպի մարդը»։
Բաբկեն Քոլոզյանի ներկապնակը փայլատակում էր, երբ նա նատյուրմորտներ էր կերտում մրգերով։ Հյութեղ, կենսալից ու կտավն ինչ-որ առանձնահատուկ իմաստով հարստացնող։
Միաժամանակ նկարչի վարպետությունը լուրջ փորձություն էր անցնում բարդ, քմահաճ ու պատասխանատու այնպիսի մի ժանրում, որպիսին է դիմանկարի ժանրը։ Վկան՝ թեկուզ նրա ինքնադիմանկարը, որ ցուցահանդեսի կենտրոնում տեղակայված՝ ասես հրավիրում է հանդիսատեսին միասին հիանալու ներկայացված և կես դարից ավելի ժամանակ ընդգրկող գործերով։
Ռուբեն Ադալյանի ցուցադրությունը բարդ էր, թերևս, դժվարին։ Առանց որոշակի նախապատրաստության այստեղ անելիք չունես։ ՈՒ սա այն պարագայում, երբ Ադալյանը չափազանց լավ ծանոթ է արվեստասեր հանրությանը։ Այս անգամ էլ նրա անհատական ցուցահանդեսը զարմացրեց ու գերեց շատերին։ Այստեղ վառ գույները բացակայում են։ Ամեն բան ընթացքի մեջ է։ Չկա սկիզբ, չկա վերջ։ Կա ներքին պայթյունավտանգ իրավիճակ։ Միաժամանակ բացակայում են մերկաշունչ բանաստեղծականությունն ու պաթետիկան։ Գեղանկարիչն ասես մշտական բանավեճի մեջ է իր կտավների հետ։ «Բանավեճը» մերթ խոհուն-հանդարտ է, մերթ պոռթկուն, մերթ էլ ուղղակի լի զարմանալի քնարականությամբ։
Մերկանդամ կանանց պատկերաշարը գամում է կտավին, հիացնում է։ Ասես «Սասնա ծռերի» հերոսուհիներ են։ Կամ գուցե բաքոսուհինե՞ր... Ադալյանի կանայք և Ադալյանի նժույգները... Էպիկական, սակայն արդի բոլոր հիմնախնդիրներին ընդառաջ գնացող, դրանց տակ գուցե թե կքած, սակայն և դիմակայող։ Մի խոսքով, նկարիչների միության ցուցասրահներում կերպարվեստի իսկական հրավառություն էր։
Ցավալի է, սակայն, որ ԶԼՄ-ները չափազանց ժլատ գտնվեցին այս երկու կերպարվեստային իրադարձությունները լուսաբանելիս։ Հատկապես զարմանալի անտարբերություն են հանդես բերում հեռուստաընկերությունները (միակ հաճելի բացառությունը «Երկիր Մեդիան» է)։
Սա այն դեպքում, երբ նրանք չափազանց բարեխիղճ են այլևայլ կիսասիրողական ցուցահանդեսների «արվեստը» լուսաբանելիս։ Ասենք՝ որևէ փորձարարություն ՆՓԱԿ-ում, որևէ սիրողական մակարդակի բեմել... Նման փորձարարություններից յուրաքանչյուրում հեղինակն անվերապահորեն «դարակազմիկ» հանճար է հռչակվում...
Իսկ նկարչի տան առաջին հարկի ցուցասրահում դարձյալ տոն է։ Պրոֆեսիոնալ կերպարվեստի տոն։ Մետաքսի վրա կատարված նկարչությամբ արվեստասեր հանրության դատին է ներկայացել պրոֆեսոր Նունե Աղբալյանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5192

Մեկնաբանություններ